Հայ մեծանուն կինոգործիչ Համո Բեկնազարյանի կյանքում հետաքրքիր դեպքերը քիչ չեն եղել։ Նրան պատահաբար են հրավիրել կինոյում խաղալու՝ հաշվի առնելով գեղեցիկ արտաքինն ու ֆիզիկական կառուցվածքը։ 1921 թ. Բեկնազարյանը գլխավորում է Վրաստանի կինոստուդիայի կինոյի բաժինը, ապա դառնում Վրաստանի պետկինոյի ռեժիսոր: Հարևան երկրում նկարահանում է «Անարգանքի սյան մոտ», «Կորսված գանձեր» ֆիլմերը, որոնք հագեցած էին արևելյան էկզոտիկ տեսարաննով:
Նկարել է ադրբեջանական «Սևիլը» և «Սաբուհին», ուզբեկական ու տաջիկական, նանայական ու չեչենական ֆիլմեր: Նրա աջակցությամբ է ձևավորվել կինոն Վրաստանում, ստեղծվել Ադրբեջանում: Ուստի բնավ պատահական չէ, որ նրան անվանում են «անդրկովկասյան կինոյի առաջամարտիկ»:
Հայրենիքում Բեկնազարյանը հաստատվում է 1925-ից, հիմնադրում «Հայֆիլմ» կինոստուդիան: 1926-ին նկարահանում է հայկական առաջին գեղարվեստական համր ֆիլմը՝ «Նամուսը»՝ «լավագույնը բոլոր արևելյան ֆիլմերից»:
1936-ին նրա ստեղծած հայկական առաջին ձայնային ֆիլմը՝ «Պեպոն», դառնալու էր ոչ միայն կինոռեժիսորի գլուխգործոցը, այլեւ տեղ էր գտնելու հայկական կինոյի ոսկե պահոցում: Հակոբ ՍՐԱՊՅԱՆԻ հոդվածից։