Ո՞վ է գծում սահմանները. Կա՞ արդյոք հնար՝ չգնալ մեզ համար սովորական դարձած աղետալի ճանապարհով

Օրերս մեծ աղմուկ բարձրացրեց Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարն իր հայտարարությամբ՝ բառացի ակնարկելով, թե Հայաստանը վաղ թե ուշ պիտի վերադարձնի, այսպես կոչված անկլավները։ Խալաֆ Խալաֆովը պնդել էր, թե սահմանազատման համար ձևավորված հանձնաժողովը, ի թիվս այլ հարցերի, պետք է քննարկի նաև Տավուշում գտնվող Ղազախի շրջանի ադրբեջանական 7 անկլավային գյուղերը և Արարատի մարզի, ինչպես ադրբեջանցիներն են անվանում՝ Քյարքին, իսկ իրականում Տիգրանաշենը, Ադրբեջանին վերադարձնելու հարցերը։

Մեջբերեմ վերջինիս․ «Ղազախի 7 շրջանների, Քյարքիի հետ կապված հարցերը, և այս թեմայի հետ կապված հարցերը պետք է լուծվեն Հայաստանի հետ սահմանազատման համատեքստում: Հայաստանը երբեք չի կարող հայտարարել, թե այդ տարածքները Ադրբեջանինը չեն: Այդ տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողությանը պահանջում է սահմանազատման գործընթաց և կքննարկվի սահմանազատման պահանջներին համապատասխան ու դրա շրջանակներում: Այդ հարցերը կքննարկվեն ու կլուծվեն»:

Պաշտոնական Երևանը Բաքվի այս պնդումներին արձագանքել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի մակարդակով: Մարուքյանը ասել է, որ հայկական կողմում չկա որևէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբեւէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել: Փոխարենը, ըստ Մարուքյանի, կան իրավական հիմնավորումներ, որ Հայաստանին են պատկանել Արծվաշենն ու մի շարք այլ տարածքների՝ այդ թվում՝ Սոթք-Խոզնավար հատվածում: «Այս հարցերը պետք է քննարկվեն և լուծում ստանան դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացում», – ասել է Մարուքյանը։

Նույնի մասին խոսել էր նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից բարձրաձայնված անկլավների հնարավոր փոխանակման թեմային։ Վերջինս ասել էր, թե մինչեւ այս պահն անկլավների հարց չի բարձրացվել, քանի որ երկու կողմից էլ անկլավ կա՝ հիշատակելով Արծվաշենը և համաձայնելով, որ Հայաստանի տարածքում ևս անկլավներ կան։ Փաստորեն, անվտանգության խորհրդի քարտուղարը խոսում է ոչ թե 1920-ականների քարտեզների հիման վրա, այլ 1970-80-ական քարտեզների, հակառակ դեպքում պնդում, թե նման անկլավներ կան նաև հայկական կողմում՝ առնվազն 20-ականների քարտեզի անտեսում է։ Գրիգորյանը ասել էր նաև, թե անկլավների, իսկ իրականում էքսկլավների տարածքները, գրեթե նույնական են։ Սա ևս ճշմարտությանը շատ ոտ չէ։ Մեր ԱԽ քարտուղարը այս համատեքստում նշել էր, թե մեջբերեմ․ «Հնարավոր լուծման տարբերակն է՝ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում է Հայաստանին»։ Արծվաշենը մեր էքսկլավն է՝ Ադրբեջանում մնացած։ Եվ այն միակն է, ըստ վերջին քարտեզների։ Մինչդեռ, Ադրբեջանը, եթե ընդունեն վերջին թարմության սովետական քարտեզները ՀՀ տարածքում, փաստորեն, ունի առնվազն 3 էքսկլավ։

Որտե՞ղ է հայաստանը, ո՞վ է գծում սահմանները. Դրանց գումարային ծավալը ոչ մի դեպքում չի կարելի նույնական համարել, որովհետև «Գուգլ Ըրթ» հայտնի ծրագրով կատարած անգամ ամենապարզունակ հաշվարկով մեր էքսկլավ Արծվաշենի տարածքը մոտ 38 քառ․ կմ է, իսկ ադրբեջանական՝ այսպես կոչված էքսկլավների տարածքը ՀՀ-ում, ընդհանուր կազմում է շուրջ 44 քառ․ կմ է, ասել, թե ՝ Արծվաշենի տարածքից մոտ 6 քառ․ կիլոմետրով ավելի մեծ։ Հետևապես, անգամ եթե գնանք վատագույն ճանապարհով և անկլավ-էքսկալվների հանձնում ընդունում անենք, ապա միևնույն է՝ ՀՀ-ն կորցնում է 6 կիլոմետր քառակուսի տարածք։

Սա բարդագույն դիլեմա է, որի առաջ կանգնած է Հայաստանը, սակայն Հայաստանում կան մասնագետներ, որոնք ունեն լուծումներ կամ գոնե առաջարկություններ, որոնց վրա հիմնվելով մեր պետությունը կարող է կրել նվազագույն վնասներ։ Խոսքը վերաբերում է 1920-ականներին Խորհրդային НКВД-ի կողմից կազմված քարտեզներին, որոնցում Ադրբեջանը ոչ միայն որևէ Էքսկլավ չունի Հայաստանի տարածքում, այլև չունի Թուրքիայի հետ սահման՝ Նախիջևանով, իսկ ՀՀ ռազմավարական բոլոր ենթակառուցվածքներն էլ ընկնում են բացառապես հայկական սահմաններից ներս։ Ինչպես և երբ, ով և ինչու է պարբերաբար ջնջել մեր սահմաններն ու կա՞ արդյոք հնար՝ չգնալ մեզ համար սովորական դարձած աղետալի ճանապարհով, այլ իրավական գործիքակազմով հասնել Հայաստանի համար լավագույն արդյունքին։

Понравилась статья? Поделиться с друзьями: