ՀԱՅ դերասան և ռեժիսոր, ում շնորհիվ թուրքը պրոֆեսիոնալ թատրոն ունեցավ. լսե՞լ եք նրա մասին և գիտե՞ք արդյոք, թե ինչ ներդրում է ունեցել նաև ՀԱՅ թատրոնում

Հայ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ Մարտիրոս Մնացականի Մնակյանը ծնվել է Կոստանդնուպոլսում, որտեղ էլ սկսել է բեմական գործունեությունը:
Մի քանի տարի եղել է «Արևելյան թատրոն»-ի հիմնադիրներից և առաջատար դերասաններից, հանդես է եկել Պետրոս Մաղաքյանի և Հակոբ Վարդովյանի թատրոններում, Թիֆլիսի հայ թատերախմբում:
Խաղացած ներկայացումներից են` Մ.Վանանդեցու «Մեծն Ներսես» (Պապ), Պ․Մետաստազիոյի «Թեմիստոկլես» (Նեոկլես), Վ․Հյուգոյի «Անջելո» (Ռուդոլֆո), Վ.Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը» (Պետրուչիո), «Վենետիկի վաճառականը» (Շայլոկ), Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Ֆամուսով), Ա․Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» (Վիշնևսկի), Մոլիերի «Դոն Ժուան» (Դոն Ժուան), Ա.Դյումա-հոր «Քին» (Քին), Շիլլերի «Ավազակներ» (Կարլ Մոոր), Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» (Արբենին) և այլն:

Երկու տարի հանդես է եկել Ա․Պենկլյանի օպերետային խմբում, որտեղ կատարել է Հոր-հոր աղայի և Արիֆի դերերը «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» և «Արիֆի խարդախությունը» օպերետներում: Տարիներ շարունակ եղել է «Օսմանյան» դրամատիկ թատերախմբի հիմնադիր-տնօրենը, ռեժիսորն ու առաջատար դերասանը:
Թարգմանել, բեմադրել և խաղացել է եվրոպական մելոդրամաներ թուրքերեն, երբեմն նաև հայերեն: Նրա խումբը եղել է պոլսահայ վերջին թատերական կազմակերպություններից, որ նպաստել է նաև թուրք պրոֆեսիոնալ դրամատիկական թատրոնի զարգացմանը: Մահացել է Կոստանդնուպոլսում:

Понравилась статья? Поделиться с друзьями: