Մարզերում 15 նոր դպրոց և 10 նոր մանկապարտեզ կկառուցվեն. Հայտնի է , որ համայնքներում . ԿԳՄՍՆ

Կառավարության որոշմամբ 2 մլրդ 942 մլն դրամով կավելացվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. բյուջեն: Գումարը նախատեսվում է հատկացնել Քաղաքաշինության կոմիտեին՝ փոքրաքանակ երեխաներով համալրված թվով 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման աշխատանքների շարունակականության ապահովման համար, ինչպես նաև Արմավիրի մարզի Արեւիկ համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման և թվով 9 համայնքներում նույն տիպի մանկապարտեզների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման և շինարարական աշխատանքների մեկնարկման համար:

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացը կրում է շարունակական բնույթ։ Անհրաժեշտ է ապահովել արդեն մեկնարկած շինարարական աշխատանքների շարունակականությունը: «Մասնավորապես փոքրաքանակ երեխաներով համալրված թվով 15 հանրակրթական դպրոցի մոդուլային շենքերի կառուցման նպատակով 1.5 մլրդ դրամ է հատկացվել, որտեղ ներառված է 2 դպրոց Արագածոտնի մարզում, 1 դպրոց Արարատի մարզում, 1 դպրոց Արմավիրի մարզում, 2 դպրոց Գեղարքունիքի մարզում, 2 դպրոց Լոռու մարզում, 3 դպրոց Սյունիքի մարզում, 1 դպրոց Վայոց ձորի մարզում, 1 դպրոց Շիրակի մարզում, 2 դպրոց Կոտայքի մարզում: Բոլոր դպրոցներում նախատեսված են ապաստարաններ և ենթադրվում է, որ այս դպրոցները պետք է նաև դառնան համայնքային կենտրոններ՝ մշակութային, սպորտային: Այսինքն՝ բոլորը կունենան հնարավորություն այդ դպրոցներում անցկացնել իրենց ժամանակը, զբաղվել հետաքրքիր գործունեությամբ»,-ասել է Վահրամ Դումանյանը:

Մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզների կառուցումը նախատեսված է բոլոր մարզերում, որի համար նախատեսվում է 1 մլրդ 396 մլն դրամ: «Արմավիրի մարզի Արևիկ համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզը նախատեսվում է ավարտել այս տարի, որի համար կտրամադրվի 496 մլն դրամ: Մնացած յուրաքանչյուր մարզի համար նախատեսվում է 100 մլն դրամ՝ նախագծանախահաշվային աշխատանքները, մրցույթների հայտարարումը մեկնարկելու համար»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:

Понравилась статья? Поделиться с друзьями: