Հինգ երկրների փորձագետներ քննարկել են Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման համաձայնագրի նախագիծը

Ապրիլի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագիծը բանակցելու նպատակով փորձագետների 5-րդ հանդիպումը՝ առկա և հեռավար ձևաչափերով։ Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության, Վրաստանի, Հունաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունները։

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

Պատվիրակությունները շնորհակալություն հայտնեցին Հայաստանի Հանրապետությանը հանդիպման կազմակերպման և արդյունավետ քննարկումներ անցկացնելու հնարավորության համար։ Մասնակից հինգ պետությունների պատվիրակները վերահաստատեցին իրենց հետաքրքրվածությունը համաձայնագրի մշակման և ստորագրման վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց համաձայնագրի նախագծի շուրջ նախորդ հանդիպմանը չհամաձայնեցված դրույթներին: Ստորագրվեց արձանագրություն, որով նախատեսվում է «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագիծը և քննարկումներն ավարտին հասցնելու նպատակով փորձագետների մյուս հանդիպումն անցկացնել Բուլղարիայի Հանրապետությունում։

Понравилась статья? Поделиться с друзьями: